Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հնչեցված հայտարարությունները միանգամից քննարկումների նոր առիթ ստեղծեցին։ Վերջին ամիսներին նախագահի յուրաքանչյուր բառի տակ շատերը փորձում են ինչ-որ ակնարկներ տեսնել, որոնք հիմնականում կապվում են մեր քաղաքական իրողության գլխավոր ինտրիգի՝ 2018-ից հետո սպասվող վերադասավորումների և վարչապետի թեկնածուի հետ։
Ինֆորմացիայի բացարձակ վակուումի պայմաններում պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նշված ելույթը շատերը բնորոշում են որպես նախընտրական։ Այլ հարց է, թե որքանով է այստեղ տեղին նախընտրական բնորոշումը։
Դասական առումով նախընտրական ցանկացած իրադարձություն պետք է ունենա էլեկտորալ բնույթ։ Որպես այդպիսին պետք է լինի ընտրություն, որի պայմաններում այս կամ այն քաղաքական գործիչը պետք է փորձի «մշակել» ինչ-որ թիրախային խմբի։ Հայաստանի պարագայում այս պահին նման իրավիճակ, հասկանալի է, գոյություն չունի. միակ համապետական ընտրությունը, ինչպես հայտնի է, ավարտվել է 2017-ի ապրիլին, և ընտրական գործընթացում ընտրողների ձայների գերակշռությամբ, քաղաքական ղեկը ստանձնել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս պարագայում ՀՀԿ ղեկավարը, կարծես, առանձնապես որևէ պատճառ էլ չունի նախընտրական ելույթ ունենալու։ Բայց, եթե հարցը դիտարկում ենք այն տեսակետից, թե Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ է ունենում վարչապետի պաշտոնը վերցնելու համար, ապա դարձյալ անհասկանալի է` նախընտրական բնորոշվող ելույթ ու՞մ համար՝ ՀՀԿ վերնախավի՞, այսինքն, կուսակցությունում ինչ-որ պայքա՞ր է ընթանում։ Բնականաբար, այդպես չէ։ Առավել ևս, եթե լսում ենք ՀՀԿ որոշ «կարկառուն» ներկայացուցիչների, ապա ամեն ինչ ուղղակիորեն կախված է միայն Սերժ Սարգսյանի կամքից, որը ՀՀԿ անփոխարինելի առաջնորդն է։ Այնպես որ, որևէ շարժառիթ չկա, որպեսզի Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ ունենա գործընկերների շրջանում։ Բացի այդ, նախընտրական գործընթացներ ծավալվում են այն ժամանակ, երբ իրական պայքար է ընթանում ինչ-որ պաշտոնի համար։ Մինչդեռ փորձագետներից շատերը միշտ էլ նշել են, որ պարզունակ է խոսել նախընտրական պայքարի մասին, երբ կա գործող բավականին ամուր նախագահ, որը բոլոր լծակներն ու հնարավորություններն ունի գրչի մեկ հարվածով իր ընդդիմախոսներին կամ ընդդիմախոսին (լինի վարչապետ, պաշտպանության նախարար, թե բարձրաստիճան այլ ենթակա) չեզոքացնելու համար՝ զրկելով բոլոր լծակներից՝ թե՛ քարոզչական, թե՛ վարչական։ Տվյալ դեպքում բավականին պրիմիտիվ է, երբ կարծում են, թե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է ապագայում վարչապետ դառնալ, և նրան այդ հարցում խանգարում է մեկ այլ պաշտոնյա, ու նա դա ոչ թե կանխում է միանգամից, այլ, չգիտես ինչու, իր կուսակցության մեջ դիմում է ինչ-ինչ բարդ կոմբինացիաների և քարոզչական հնարքների։
Այդ դեպքում, այնուամենայնիվ, ի՞նչ շարժառիթներ կարող են ունենալ Սերժ Սարգսյանի նման ելույթները։ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀՀ նախագահը, ինչպես հայտնի է, լինելով «անփոխարինելի առաջնորդ», այնուհանդերձ փորձում էր աննկատ մնալ, բացառությամբ ընտրարշավի առաջին և վերջին օրերի զանգվածային տեսարանների, սկսեց հանդես գալ ծավալուն ծրագրային ելույթներով, փուլ առ փուլ ներկայացնելով իր տեսլականը ներկայի և, ամենակարևորը, ապագայի առնչությամբ։ Նախ՝ այն տպավորությունն է, թե Սերժ Սարգսյանն այժմ ավելի շատ հավակնում է ազգի կամ պետության առաջնորդ լինելու կարգավիճակի՝ թեկուզ առանց պետական պաշտոն գրավելու։ Նման վարկածի համար կան որոշ հիմնավորումներ։
Ըստ էության, եթե դիտարկում ենք Սերժ Սարգսյանի վերջին ամիսների ելույթները, տեսնում ենք, որ նա անընդհատ խոսում է ազգային գաղափարների և նախագծերի շուրջ, որոնք պետք է համախմբեն համայն հայ ժողովրդին։ Որպես կանոն, ազգային գաղափարները կենտրոնացած են լուրջ նպատակների, պաթոսային տեսլականների վրա, որոնք պետք է ոգևորեն ժողովրդին նպատակներին հասնելու համար։ Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջին թեզերը կարելի է համեմատել հենց նման գաղափարների հետ։ Հիշենք դրանցից մեկ-երկուսը. 2040 թ. Հայաստանում ունենալ 4 միլիոն բնակչություն, մի քանի տարի անց հասնել ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարի։ Վեհ այդ նպատակն այսօր թեկուզ ֆանտաստիկայի ժանրից է թվում, սակայն ազգային գաղափարները և նախագծերը պետք է լինեն հենց այդպիսին՝ ռազմավարական նշանակության և ոչ թե իրադարձային։ Եվ այդ վեհ գաղափարի իրականացման համար պետք է հետևողականորեն, էստաֆետը միմյանցից վերցնելով, աշխատեն բոլոր կառավարությունները։ Բնական է, որ Սերժ Սարգսյանը դժվար թե մինչև 2040 թվականը կառավարի։ Ի վերջո պետք է տարբերել՝ ինչ է նշանակում ստրատեգիական պլանավորում և ինչ՝ տակտիկական։ Նաև պարտադիր չէ, որ երբ մարդն ինչ-որ նպատակ է հնչեցնում, ապա այդ նպատակը հենց ինքն էլ պետք է ավարտին հասցնի, ընդ որում՝ այն ժամկետներում, որոնց մասին ինքն ակնարկում է։ Կառավարությունները փոխվելու են, սակայն մեծ նպատակները մնալու են։
Ազգային գաղափարների շարքից են նաև «հունվարի մեկից էլ չենք գողանում, ամոթ է» թեզը և իհարկե՝ համահայկական խորհրդի գաղափարը, որն արծարծվեց աշնանը անցկացված Հայաստան-Սփյուռք համաժողովում։ Սերժ Սարգսյանը վերջին մի քանի ամիսների իր բոլոր ելույթներում ավելի շատ որպես ազգի առաջնորդ է հանդես գալիս, ընդ որում՝ պարզ չէ՝ նրա կողմից ուրվագծվող ազգի առաջնորդը պետական կարգավիճակ ունենալու՞ է, թե՞ ոչ։ Նման լիդերներ կային, օրինակ, Չինաստանում՝ Դեն Սյաոպինը, Սինգապուրում՝ Լի Կուան Յուն։ Սերժ Սարգսյանն աստիճանաբար փորձում է ստանձնել վերպետական գործչի գործառույթներ և շեշտում է, որ այդ նպատակներին պետք է հասնել, ընդ որում՝ չի նշում, թե կոնկրետ ում միջոցով՝ ի՞ր, Կարեն Կարապետյանի՞, Վիգեն Սարգսյանի՞, թե՞ մեկ այլ գործչի։ Այնպես որ, Էդուարդ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի կողմից Սերժ Սարգսյանի համար նախատեսված նշաձողը՝ ՀՀԿ անփոխարինելի առաջնորդ, կարծես, շատ ավելի ցածր է, քան հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է պատկերացնում իր համար։
Բացի այն, որ նախագահը, որպես վերպետական առաջնորդ, ազգային գաղափարներ է առաջ քաշում, նա իր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ ուժային կառույցներում, հասկացնում է, որ 2018-ից առաջ բոլոր ասպարեզներում խաղի նոր կանոններ են հաստատվելու՝ սկսած պաշտպանության, հարկային, մաքսային ոլորտներից, մինչև իրավապահ համակարգ և կոռուպցիայի դեմ պայքար։ 2018 թվականից հետո բոլորը պետք է պատրաստ լինեն աշխատելու նոր մոդելում։
Ամեն դեպքում, տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ խնդիր է, ի վերջո, լուծում նախագահը, ինչու՞ է որոշել ձեռնամուխ լինել գլոբալ փոփոխությունների։ Այստեղ կա մեծ տարակարծություն թե՛ փորձագետների, թե՛ քաղաքական գործիչների շրջանում։ Ըստ վարկածներից մեկի՝ Սերժ Սարգսյանը, լինելով, անկասկած, երկրում ամենատեղեկացված մարդկանցից մեկը և պատկերացնելով տարածաշրջանում առկա իրական մարտահրավերները, հասկանում է, որ կտրուկ իրավիճակներ պետք է փոխվեն երկրում, հակառակ դեպքում մեր քաղաքական և տնտեսական վերնախավն այլևս ի վիճակի չի լինելու Հայաստանում որևէ գործունեություն ծավալելու, այսպես շարունակվելու դեպքում այլևս կառավարելու բան, թերևս, չի էլ մնալու։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ նոր փոփոխություններ պետք է արվեն, որովհետև պետք է ունենալ նաև սեփական ձայները։ Ժամանակակից աշխարհում Հայաստանի դիրքերը բավականին թույլ են և, ճնշումների դեպքում, է՛լ ավելի կթուլանան։ Շատ հնարավոր է, որ այլևս կառավարելու բան չմնա, եթե երկրում կտրուկ փոփոխություններ չլինեն, երկրում չմնա բնակչություն, չլինի տնտեսություն։ Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ մենք հասել ենք մի եզրագծի, ու այդ գծից այն կողմ այլևս ճանապարհ չկա։
Ըստ այլ, ոչ պակաս տարածված վարկածի՝ Հայաստանն ունի նաև պարտավորություններ։ Այստեղ խթան կարող է լինել Եվրամիության հետ ստորագրված համապարփակ համաձայնագիրը։ Եթե վերանանք գեղեցիկ ձևակերպումներից, ապա փաստաթղթի տողատակերում կա մի շատ կարևոր հանգամանք, որ հետաքրքիր է հայաստանյան տնտեսաքաղաքական շրջանակներին. կա փող։ Այն իրավիճակում, որ այսօր գտնվում է Հայաստանը (չկան ֆինանսական միջոցներ, երկիրը չի կարողանում ներդրումներ ներգրավել), կարծես, ելք չկա, և այս պայմաններում Եվրամիությունը խոսք է տալիս անելու այն, ինչ ՀՀ կառավարությունը չի կարողանում անել։ ՀՀ նախագահը հասկանում է, որ պետք է արտաքին աշխարհին էլ ազդակներ հղել, թե երկրում ինչ-որ բան ուզում են փոխել։
Անկախ Սերժ Սարգսյանի գործողությունների իրական դրդապատճառներից, հարցերի հարց է դառնում այն, թե ինչ հավակնություններ, ի վերջո, ունի ՀՀ գործող նախագահը՝ զուտ նախընտրակա՞ն, թե՞ վերպետական-առաջնորդական։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ